«Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» մրցանակաբաշխությունը անցկացվեց երրորդ տարին անընդմեջ

Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը, արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվեց «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ամենամյա մրցանակաբաշխության հիմնական նպատակը մարդու իրավունքների լուսաբանման խթանումն է, մարդու իրավունքների թեմաներով հոդվածների բովանդակության որակի բարձրացումն ու խնդիրների վերհանման զգայուն եւ ճիշտ մոտեցումների արմատավորումը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության եւ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ:

Այս տարի մրցանակաբաշխության շրջանակում շնորհվեց 22 մրցանակ, որոնք ներառում էին ոչ միայն դրամական պարգևներ՝ նախատեսված հիմնական անվանակարգերի համար, այլև հատուկ մրցանակներ, որոնք հանձնվեցին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության, ՄԱԿ-ի ՄԻԱՎ / ՁԻԱՀ ծրագրի գրասենյակի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության կողմից։

Գլխավոր մրցանակակիրները

  • Լավագույն ռադիոհաղորդում/փոդքասթ անվանակարգում հաղթող ճանաչվեց Նարինե Ղալեչյանը (Ազատություն ռադիոկայան)՝ «Գեղարքունիքում աշակերտին բռնության են ենթարկել «փոքրամարմին լինելու, գանգուր մազերի ու գերազանց սովորելու պատճառով» նյութի համար։ Մրցանակը հանձնեց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, ով ընդգծեց լրագրողական զգայուն և պրոֆեսիոնալ աշխատանքի կարևորությունը։ Գլխավոր մրցանակը ներառում էր 430 000 դրամ (հարկերը ներառյալ) դրամական պարգև։
  • Լավագույն տեսանյութ/ֆիլմ/լուսանկար անվանակարգում հաղթող ճանաչվեց Ռոզա Վարդանյանը (Factor TV)՝ «4 տարի բանտում՝ չկատարած սպանության համար. սխալ արդարադատության պատճառով ՀՀ-ն 300 մլն է փոխհատուցել» նյութի համար։ Մրցանակը հանձնեց Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ով շեշտեց, որ լրագրողական այս աշխատանքը խիստ կարեւոր խնդիր է բարձրացրել եւ լիովին արժանի է խրախուսման։ Մաքսիմ Լոնգանգեն նաեւ մրցանակաբաշխության բացման արարողությանն իր ելույթով լրագրողներին կոչ արեց չհանձնվել եւ միշտ հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանությանն ու որակյալ լրագրությանը,-«Եվրոպայի խորհրդի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեր քաջության, նվիրվածության ու ճշմարտությունը վեր հանելու Ձեր հանձնառության համար, մենք ուրախ ենք այս կարեւոր նախաձեռնությանն աջակցել», — շեշտեց ԵԽ գրասենյակի ղեկավարը։Գլխավոր մրցանակի համար նախատեսված դրամական պարգեւը կազմում էր 430 000 դրամ (հարկերը ներառյալ)։
  • Լավագույն տպագիր/առցանց հոդված անվանակարգում գլխավոր մրցանակը շնորհվեց Միլենա Խաչիկյանին (Ինֆոքոմ)՝ «Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձևը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգոհում են բարեփոխված համակարգից» հոդվածի համար։ Մրցանակը հանձնվեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի կողմից։ Գլխավոր մրցանակի համար նախատեսված դրամական պարգեւը կազմում էր 430 000 դրամ (հարկերը ներառյալ)։
  • Նույն անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրեց Աստղիկ Կարապետյանը (evnreport.com)՝ «Մայրությունը՝ ճաղերի հետևում» հոդվածի համար։ Մրցանակը հանձնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Երկրորդ մրցանակի դրամական պարգևը կազմեց 300 000 դրամ (հարկերը ներառյալ)։

Հատուկ մրցանակներ

Արդեն երրորդ տարին անընդմեջ մրցանակաբաշխության ընթացքում հատուկ մրցանակ է շնորհվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի անունից՝ ի նշան մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված լրագրողական ջանքերի խրախուսման։ Այս տարի մրցանակը հանձնեց ՍԴ նախագահի մամլո քարտուղար Քրիստինե Մելքոնյանը, ով մրցանակը շնորհեց Հասմիկ Սարգսյանին (Iravaban.net)՝ «Արցախյան երկրորդ պատերազմ․ ապրող և ապրեցնողները» շարքի համար։

Քրիստինե Մելքոնյանը շեշտեց, որ այս շարքը հատկապես կարեւորել են ոչ միայն արցախյան հերոսների մասին որակյալ լրագրողական աշխատանքի համար, այլ նաեւ այս պատումների հույս ու լավատեսություն առաքող ուղերձի, որն այսօր համարվում է մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում հուսահեն հաղորդակցության կարեւոր բաղադրիչ։

ՄԱԿ-ի կողմից հատուկ մրցանակներ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից ևս շնորհվել են հատուկ մրցանակներ՝ ի նշան մարդու իրավունքների կարևորության մասին իրազեկման բարձրացման։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆրանսուազ Ժակոբը հատուկ մրցանակ շնորհեց Մեդիալաբին՝ մարդու իրավունքների պրոֆեսիոնալ և զգայուն լուսաբանման համար։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանը մրցանակներ հանձնեց լրագրողներ Լուսինե Հակոբյանին և Սեդա Գրիգորյանին՝ «Հետք»-ի հոդվածի, ինչպես նաև Աստղիկ Կարապետյանին՝ EVN Report-ի հոդվածի համար։

ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության ներկայացուցիչ Արմինե Պետրոսյանը հատուկ մրցանակ շնորհեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանին։

ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Տոնոյանը մրցանակ հանձնեց Սոնա Մարտիրոսյանին՝ հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ հոդվածի համար, իսկ հոդվածի հերոսին՝ դրամական աջակցություն՝ պայքարն ու իր պատմությունը շարունակելու համար։

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրի գրասենյակի ներկայացուցիչ Ռոզա Բաբայանը մրցանակով խրախուսեց Էրիկ Հակոբյանի հոդվածը, Նարինե Ղալեչյանի հոլովակը և Հասմիկ Բալեյանի աշխատանքը՝ ՄԻԱՎ-ով ապրող անձանց խնդիրները հետևողականորեն լուսաբանելու համար։

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախաձեռնած այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի խթանելու մարդու իրավունքների լուսաբանումը, բարձրացնելու լրագրողական նյութերի որակը և արմատավորելու ճիշտ ու զգայուն մոտեցումներ։

Մրցանակաբաշխությունն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։