Ծրագիր բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրելու եւ վերականգնելու արվեստի միջոցով
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ մեկնարկած «Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում ամառվա երեք ամիսների ընթացքում տարբեր համայնքներում կազմակերպել և իրականացրել է մշակութային ծրագրեր ու արտ֊թերապիայի դասընթացներ։
Դասընթացների նպատակն է եղել աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել արվեստի միջոցով՝ ամառային արձակուրդներին ապահովելով նաև նրանց կրթական ժամանցը։
Ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Բոհեմ արվեստանոցն այս ամառ դարձել էր քաղաքում ապաստան գտած արցախցի և տեղաբնակ դեռահասների ամենասիրելի անկյունը։ Նկարչուհի Գոհար Մնացականյանը իր արվեստանոցում դեռահասներին տվել էր ստեղծագործելու մեծ ազատություն և ներկերի միջոցով աշխարհը բացահայտելու հնարավորություն՝ ապահովելով փոքրիկների գունավոր ամառը։