«Լրագրողները՝ հանուն իրավունքների» լրագրողական եռօրյա աշխատաժողով
«Լրագրողները՝ հանուն իրավունքների» լրագրողական եռօրյա աշխատաժողովի ընթացքում հիմնական քննարկված թեման Արցախից բռնի տեղահանված բնակչության իրավական և սոցիալական խնդիրներ էին, ինչպես նաեւ այն օրենսդրական բացերն ու լուսաբանման սխալները, որոնք բարդացնում են այս թիրախ խմբերի հետ աշխատանքը։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալներ Մարիամ Գեւորգյանի և Նելլի Դավթյանի հետ աշխատաժողովի մասնակից լրագրողները մանրամասն խոսեցին Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների քաղաքացիության եւ կարգավիճակի հետ կապված խնդիրների ու անձնագրային բաժիններում ծագող ընթացիկ հարցերի շուրջ։
Լրագրողներին ներկայացվեց նաեւ Արցախից բռնի տեղահանման վերաբերյալ Հայաստանի եւ միջազգային մի շարք ՀԿ-ների կողմից պատրաստված փաստահավաք զեկույցը, դրանում ներառված մարդու իրավունքների խախտումները եւ միջազգային իրավունքի գործիքակազմը՝ որպես արցախյան հակամարտության լուծման մեխանիզմ։
Լրագրողների հետ նաև քննարկում ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Միքայել Խաչատրյանը։
Աշխատաժողովը մաս է կազմում «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» լրագրողական մրցանակաբաշխության, որն անցկացվում է ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, նախապես հայտարարված անվանակարգերով և դրամական մրցանակային ֆոնդով։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Embassy of the Netherlands in Armenia