«Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր

Հունիսի 21-22-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ «Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված երկօրյա կարողությունների զարգացման դասընթացը երիտասարդ լրագրողների համար։
Դասընթացի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմավորեցին «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կրթական ծրագրերի համակարգող Անուշիկ Ռշտունին և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի հաղորդակցման մասնագետ Լուսինե Ժամհարյանը։
Այնուհետև մասնակիցները ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ քննարկեցին կոռուպցիայի էությունը և բովանդակությունը՝ անդրադառնալով դրա կործանարար հետևանքներին։
Հետաքննող լրագրողներ Տիրայր Մուրադյանի և Մկրտիչ Կարապետյանի հետ լրագրողները սովորեցին, թե ինչպես օգտվել բաց աղբյուրներից, առկա գործիքներից և մեթոդներից՝ տեղում կատարելով պետական և համայնքային բյուջեների վերահսկմանը վերաբերող առաջադրանքներ։
Դասընթացի երկրորդ օրը հետաքննող լրագրող Գևորգ Թոսունյանը երիտասարդ լրագրողներին պրակտիկ առաջադրանքների ու վարժությունների միջոցով ներկայացրեց պաշտոնատար անձանց հայտարարագրերը հետաքննելու գործիքներն ու հարթակները՝ անդրադարձ անելով նաև իրական շահառուների հայտարարագրերի ռեգիստրին։ Դասընթացն ամփոփվեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Վարդուհի Ավանեսյանի հետ ազդարարման համակարգի մասին ինֆորմատիվ բանախոսությամբ։
Դասընթացն այլընտրանքային հարթակ է ոչ միայն կոռուպցիայի, դրա տեսակների, դրսևորումների, հետևանքների, ազդարարման համակարգի մասին գիտելիքներ ստանալու, այլ նաև հնարավորություն ծանոթանալու ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության, դրանից բխող գործողությունների, միջոցառումների ընթացքին և արդյունքներին։
«Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: