«Դպրոցականների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկ

«Դպրոցականների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը տրվեց Արտաշատի թիվ 5 դպրոցում՝ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի եւ Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ողջույնի խոսքով եւ կրթական ծրագրի մասնակիցների վկայականների ու խրախուսական նվերների հանձնման արարողությամբ։
Դեսպան Պիրունչիկը ողջունելով ծրագրի մասնակից Արարատի մարզի տարբեր համայնքների դպրոցականներին՝ շեշտեց արցախցիների աջակցության ծրագրերի կարեւորությունն ու Չեխիայի կառավարության ակտիվ ներգրավվածությունը տարբեր նախաձեռնություններում։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը՝ շնորհավորելով մասնակիցներին եւ կրթական նորանոր հաջողություններ մաղթելով։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից տարբեր համայնքներում իրականացվող կրթական ծրագրերի, արցախցի դպրոցականներին ներառմանն ու վերականգնմանը միտված ծրագրերի մանրամասները ներկայացրեց ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը՝ շնորհակալություն հայտնելով Արարատի մարզպետին եւ Արտաշատի համայնքապետին, բոլոր համայնքների դպրոցների տնօրեններին արդյունավետ եւ ակտիվ համագործակցության համար։
«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագիրը «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հերթական կրթական նախաձեռնությունն է, որի նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցի դպրոցականներին ինտեգրվել եւ վերականգնվել՝ կարողությունների զարգացման դասընթացների, կրթական ինտելեկտուալ խաղերի եւ արտ թերապիայի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։