Ապրիլի 7-10-ը Թբիլիսիում կայացավ մեր հերթական աշխատաժողովը
Ապրիլի 7-10-ը Թբիլիսիում կայացավ մեր հերթական աշխատաժողովը, որն այս անգամ նվիրված էր ԵՄ-ի հետ Վիզայի ազատականացման երկխոսության բավական ընդգրկուն եւ բարդ գործընթացի վրացական փորձի դիտարկմանը։
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ Ներքին գործերի, Արդարադատության եւ Արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաները՝ Վրաստանի նույն գերատեսչությունների գործընկերների հետ քննարկելով Վիզայի ազատականացման երկխոսության (Visa Liberalization Dialogue) ընթացակարգի բազմաթիվ մանրամասներ։
Աշխատաժողովի առաջին օրը Վրաստանի Արդարադատության նախարարության պաշտոնյաների հետ հայաստանյան պատվիրակությունը քննարկեց կենսաչափական չափորոշիչներով փաստաթղթերի տպագրության, փաստաթղթերի պաշտպանության, հասանելիության եւ անձնական տվյալների պաշտպանության հարցերը, ինչպես նաեւ անօրինական միգրանտների մաքսանենգության և թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքերը։
Հաջորդած օրերին Վրաստանի ԱԳՆ եւ ՆԳՆ նախարարությունների պաշտոնյաների եւ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ քննարկվեցին նաեւ Վիզայի ազատականացման գործընթացի կարեւորագույն մաս կազմող օրենքների փոփոխությունները, ընդհանուր առմամբ ընթացակարգային պարտավորությունները ու գործընթացի մանրամասները, սահմանների համալիր կառավարման եւ միգրացիոն հարցերը, իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունների եւ դրանց արդյունավետ իրավակիրառ պրակտիկայի խնդիրները։
Հայաստանյան պատվիրակությանն ընդունեցին նաեւ Արդարադատության
նախարարության Հանրային ծառայությունների պալատում (House of Justice), որտեղ դիտարկեցին
հանրային ծառայությունների տրամադրման միասնական համակարգի հաջողված
օրինակն ու դրանց կիրառման հնարավորությունները։
Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ (NED).